Հայաստանի քաղաքացի 29-ամյա Խորեն Գասպարյանն իրեն մեղավոր է ճանաչել Բրանսուիկ եւ Սավանա քաղաքներում կեղծ կլինիկաների ստեղծմանն աջակցության մեջ, որոնք օգտագործվել են  «Medicare»  սխեմայով մոտ 400 հազ. դոլար պահանջելու համար, հաղորդում է  «The Florida Times-Union» -ը:

Դատարանում Գասպարյանն ասել է, որ խարդախությունների սխեմայում որոշակի դեր է ունեցել: Երբ անցած տարի կառավարությունն սկսել է սխեմայի մասնակիցների ձերբակալությունները, Գասպարյանը  գտնվել է Մոսկվայում: Լսելով գործի մասին` նա դիմել է  Մոսկվայում ԱՄՆ իրավաբանական ատաշեին եւ պատմել իր դերի մասին:

2011թ. հուլիսին նա մեկնել է Վաշինգտոն եւ կալանավորվել: Գասպարյանը խոստովանել է, որ Սավանայում եւ Բրանսուիկում ստեղծված կլինիկանները «բացարձակ խարդախություններ էին»: Նա նաեւ խոստովանել է նմանատիպ կլինիկայի ստեղծման մասին Նյու Մեքսիկոյում, որտեղ էլ կրում է իր եռամյա պատիժը:

Շրջանային դատավոր Վուդը Գասպարյանին ասել է, որ նա կարող է դատապարտվել երեք տարվա ազատազրկման` տուգանվելով 250 հազ. դոլարով: Սակայն կառավարությունը համաձայնել է, որ Գասպարյանի նկատմամբ ավելի մեղմ  պատիժ կիրառվի, քանի որ նա խոստովանել է իր մեղքը եւ օգնել հետաքննությանը: