Հայկական կառավարական պատվիրակությունն ավարտել է այցը Հորդանան, որի անդամները նշում են, որ նորից կվերադառնան, բայց արդեն մասնավոր այցերով` ընտանիքների հետ, հաղորդում է հորդանանյան «Petra» գործակալությունը:
Գտնվելով Հորդանան գետի արեւելյան ափին, Հայաստանի ԱԳՆ պաշտոնյաներն ընդգծեցին, որ իրենց երկրում երիտասարդության շրջանում կխրախուսեն Հորդանան այցերը, որպեսզի նրանք ավելին իմանան քրիստոնեական արմատների մասին: Հայկական թագավորությունն առաջինն է եղել, որ 4-րդ դարում ընդունել է քրիստոնեությունը:
Հայաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանի խոսքով` հայ երիտասարդների համար շատ կարեւոր է ավելին իմանալ իրենց քրիստոնեական արմատների մասին, եւ այս վայրը իդեալական է այդ նպատակի համար: Նրա խոսքով, հայերը գիտեն, որ Հորդանանը սուրբ հող է քրիստոնյաների համար, սակայն Ամմանի եւ Երեւանի միջեւ զբոսաշրջային հոսքերը դեռեւս ցածր մակարդակի վրա են գտնվում:
Այդուհանդերձ Մանասարյանը հույս հայտնեց, որ երկու երկրների միջեւ զբոսաշրջիկների հոսքն առաջիկա ամիսներին կավելանա, քանի որ Քրիստոսի մկրտության վայրում հայկական եկեղեցի պետք է բացվի: «Եկեղեցու կառուցումը գրեթե 90 տոկոսով արդեն կատարված է»,-նշեց նա:




























