Պարզվել է երեկ՝ սեպտեմբերի 22-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից զոհվածների եւ վիրավորների ինքնությունը: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Արագածոտնի մարզի թղթակիցը, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության աշխատակիցները պարզել են, որ մահացածներն են՝ Մասիս քաղաքի բնակիչ, 31-ամյա Արաքսյա Աբրահամյանը եւ Արարատի մարզի Շամպայն գյուղի բնակիչ 24-ամյա Սասուն Գալստյանը, իսկ վիրավորներն են Մասիս քաղաքի բնակիչ, 28-ամյա Մարինե Աբրահամյանը, Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակիչ 26-ամյա Էդիկ Մաթեւոսյանը եւ 29-ամյա Ռուզաննա Վարդանյանը:

Վիրավոր Մ. Աբրահամյանը մահացած Ա. Աբրահամյանի քույրն է, իսկ վիրավոր Էդիկ Մաթեւոսյանն ու մահացած Սասուն Գալստյանը աշխատում էին Ոստիկանության Էրեբունու բաժնում:

Դեպքի առթիվ ոստիկանության  Արագածոտնի մարզի քննչական բաժնում հարուցվել է  քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասի (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ի Արագածոտնի թղթակիցը, Արագածոտնի մարզում երեկ՝ սեպտեմբերի 22-ին, ժամը 18:30-ի սահմաններում Երեւան-Գյումրի ավտոճանապարհին OPEL մակնիշի 91 RV 001 համարանիշի ավտոմեքենան Թալիշ գյուղի հատվածում, դուրս է եկել երթեւեկելի մասից  եւ շուրջ 30 մետր գլորվել ձորը:

Վթարի ժամանակ մեքենայում եղել են 5 հոգի, որոնցից 2 տեղում մահացել են, իսկ մյուս երեքը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը, ինչպես նաեւ Արագածոտնի մարզի ճանապարհային ոստիկանները: