Հայաստանի Հանրապետությունում այսօր կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 20.00-ի դրությամբ 342 138 կամ 53.31 % է: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեցին ԿԸՀ-ի լրատվական ծառայությունից:

Ժամը 20.00-ին սահմանված կարգով փակվել են բոլոր 539 ընտրական տեղամասերը: Տեղամասային ընտրական հանձնաժողովները սկսել են քվեարկության արդյունքների ամփոփման նիստերը, որոնց ընթացքում կկազմվեն ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունները: Քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 18 ժամվա ընթացքում, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները, ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների արձանագրությունների հիման վրա, կամփոփեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները: Իսկ քվեարկության օրվանից հետո` 5-րդ օրը, հիմք ընդունելով ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, կկազմեն արձանագրություն` ընտրատարածքում քվեարկության արդյունքների վերաբերյալ: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից ընտրական տեղամասերում քվեարկության նախնական արդյունքների արձանագրությունները համակարգիչ մուտքագրումից անմիջապես հետո դրանք կտեղադրվեն ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  Հայաստանում այսօր` սեպտեմբերի 23-ին ժամը 8.00-ին Արագածոտնի, Գեղարքունիքի,Կոտայքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերի 318 համայնքներում մեկնարկել են ՏԻՄ ընտրություններ: Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնում է միայն մեկ միջազգային կազմակերպություն` Եվրոպայի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսը եւ 15 տեղական հ/կ: