Մոսկվայում հարբած վարորդի մեղքով սեպտեմբերի 22-ին զոհվել են մանկատան 5 երեխաներ, դաստիարակը եւ նրա ամուսինը: Զոհվածների շարքում 2 պատանի եւ 3 աղջիկ են` 14-16 տարեկան:
Ինչպես հայտնում է «Մայակը», երեխաները վերադառնում էին սահմանափակ հնարավորությունների տեր երեխաների եւ երիտասարդների արհեստների մոսկովյան «Մենք միասին ենք» փառատոնից:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, սեպտեմբերի 22-ին Մոսկվայում կայանատեղի դուրս եկած մեքենան մահացու վրաերթի էր ենթարկել 7 մարդու, 3 մարդ վիրավորվել էին:
Պատահարը տեղի էր ունեցել Մինսկի փողոցում: Ըստ նախնական տվյալների` Toyota մեքենայի վարորդը հարբած էր եղել: Արդյունքում ողջ էին մնացել միայն Toyota-ի վարորդը, ուղեւորուհին եւ կանգառում գտնվող մի կին: Վարորդին ձերբակալել է ոստիկանությունը:




























