Անապայում ավարտվել է «Կինոշոկ» միջազգային XXI բաց փառատոնը: Փառատոնի գլխավոր մրցանակը` «Ոսկե վազը», ստացել է  ուզբեկ ռեժիսոր Այուբ Շահոբիդդինովի «Երկինքն է իմ կացարանը» (Parizod) ֆիլմը: Փառատոնին մասնակցել է 14 ֆիլմ:

Ղազախ ռեժիսոր Երլան Նուրմուհամբեթովի «Փոքրիկ որսորդը» ֆիլմը ճանաչվել է «ԿինոՄալիշոկ» մրցույթի հաղթող` մանկական ժյուրիի կողմից:  

ԱՊՀ երկրների, Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի լավագույն ռեժիսոր է ճանաչվել վրացի Զազա Ուրուշաձեն: Լավագույն օպերատորական աշխատանք մրցանակն ստացել է «Ես նույնպես ուզում եմ» ֆիլմի օպերատոր Ալեքսանդր Սիմոնովը: Լավագույն դերասան է դարձել Վլադիմիր Սվիրսկին: Լավագույն դերասանուհի է ճանաչվել լիտվուհի Յանինա Լապիսնկայտե:  

Ժյուրիի անդամները հատուկ վկայականներ են հանձնել  ուկրաինակցի ռեժիսոր Միխայիլ Իլյենկոյի «Նա, ով անցել էր կրակի միջով», ղրղըզ ռեժիսոր Էրկին Սալիեւի  «Արքայադուստր Նազիկը» ֆիլմերին: 

Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում  գլխավոր մրցանակն է ստացել Միրոսլավ Սլաբոշպիցկոյի ֆիլմը: Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթին մասնակցել է 23 ֆիլմ:

«ՏՎ Շոկ» ծրագրում լավագույն հեռուստատեսային ֆիլմեր են ճանաչվել  ռուսական «Փոխանակվեք մատանիներով», «Պետրովիչ», «Աստվածն իր ծրագրերն ունի» ֆիլմերը:

ԱՊՀ երկրների, Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի կինոյի «Կինոշոկ-2012» XXI միջազգային բաց փառատոնը տեղի է ունեցել Անապայում` սեպտեմբերի 15-23-ը: Հայաստանը փառատոնին ներկայացրել էր Նատալյա Բելյաուսկենեի «Եթե բոլորը» ֆիլմը: