Չինացի քաղաքական գործիչ Բո Սիլայի համախոհ Վան Լիցզյունը դատապարվել է 15 տարվա ազատազրկման: Վան Լիցզյունը Չունցին քաղաքի փոխքաղաքապետն է եղել:
Դատավորների որոշմամբ նա մեղավոր է ճանաչվել իշխանության չարաշահման, ավելի քան 3 միլիոն յուան (484 հազար դոլար) կաշառք վերցնելու մեջ, հայտնում է «Սինհուան»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ դատախազությունը ոստիկանական վարչության նախկին ղեկավարին մեղադրում էր, որ նա լուրջ հիմնավորումներ էր ունեցել Մեծ Բրիտանիայի հպատակ Նիլ Հեյվուդի սպանությանը Բո Սիլայի կնոջ` Գու Կայլայի մասնակցության վերաբերյալ: Սակայն Վանը թաքցրել է այդ տեղեկությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Բացի դրանից, Վան Լիցզյունը մեղադրվում էր, որ առանց թույլտվության լքել է իր ծառայողական պարտականությունները եւ այս տարվա փետրվարին թաքնվել Չենդու քաղաքի ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսությունում, որտեղ ԱՄՆ-ից քաղաքական ապաստան էր խնդրել: Երբ Վան Լիցզյունը լքել է ամերիկյան դեսպանատունը, ձերբակալվել էր:




























