Ղազախստանում հրաժարական է տվել վարչապետ Քարիմ Մասիմովը: Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասվում է, որ Նուրսուլթան Նազարբաեւը Մասիմովին ազատել է վարչապետի պաշտոնից` նրա դիմումի համաձայն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր կառավարական շրջանի աղբյուրը, կառավարության նոր ղեկավար կնշանակվի փոխվարչապետ Սելիկ Ախմետովը, իսկ Մասիմովը կգլխավորի Ղազախստանի նախագահի աշխատակազմը:

Ինչպես բացատրում է  «Նովոստի-Ղազախստանը», վարչապետի օրենքով հրաժարականին պետք է հաջորդի կառավարության անդամների հրաժարականը, նախարարներն իրենց պարտականությունները կկատարեն մինչեւ նոր կառավարության ձեւավորումը: 

Մասիմովը բոլորից երկար է գլխավորել Ղազախստանի կառավարությունը, նա աշխատել է 2007 թվականի հունվարից:

Նախկին վարչապետն ավարտել է Լեզվի Պեկինյան ինստիտուտը, Ուխանի համալսարանի իրավաբանական ինստիտուտը, Ղազախական պետական կառավարման ակադեմիան: Նա ունի իրավաբան-միջազգայնագետի եւ տնտեսագետի մասնագիտություն: Տնտեսագիտական գիտությունների դոկտոր է: Տիրապետում է անգլերենին, չինարենին, արաբերենին: