Դամասկոսի Հաջար Ալ-Ասվադ շրջանում կյանքը վերադառնում է իր խաղաղ ընթացքին: Այդ մասին սյուժե է ցուցադրել Սիրիայի պետական հեռուստաընկերությունը: Ընդդիմադիր գրոհայիններից ազատագրված թաղամասի բնակիչները հուշերն են պատմել լրագրողներին: Նրանց խոսքով` մորուքավոր գրոհայինները կրակում էին ամեն շարժվող բանի, այրում էին կահույքը եւ մնացած գույքը: Դիպուկահարների գնդակները դիպչում էին պատահական անցորդներին` եւ տղամարդկանց, եւ կանանց, եւ երեխաներին:

Ումմ Մուհամեդը, որն այժմ բնակվում է դստեր մոտ` պաղեստինցի փախստականների ճամբարում, հավաքել է իրերը եւ որոշել Հաջար Ալ-Ասվադի իր տուն վերադառնալ: Նա հարկադրված լքել էր տունը` վարձու ահաբեկիչների անօրենություններից դրդված: Որդին նրան հաղորդել է, որ թաղամասն այժմ անվտանգ է,  կարող է տուն վերադառնալ: Չնայած, որ աղջիկը խնդրել էր եւս մի քանի օր մնալ իր մոտ, մայրը կտրականապես հրաժարվել է: Թաղամասի բնակիչներից մեկն ասել է, որ հարեւանների 20%-ն արդեն վերադարձել են իրենց տները, երբ իմացել են, որ բանակն իրենց թաղամասերը մաքրել է գրոհայիններից եւ  վերանորոգող ջոկատներն սկսել են նորոգել  էլեկտրաէներգիայի մալուխները:

Այլ բնակիչ` Հալեդը, ուրախությունն է հայտնել տունդարձի առթիվ:  Մեկ ամիս նա  հարազատների եւ ընկերների տներում է անցկացրել: Ֆիրաս անունուվ մի քաղաքացի էլ տուն է վերադարձել  եւ տեսել, որ ամբողջ կահույքը  ահաբեկիչները ոչնչացրել են: Ֆիրասն ուրախ է, որ բանակը մաքրել է թաղամասը: Նա նաեւ բարձր է գնահատել  Հայրենիքի պաշտպանության  գործին հավատարմությունը:

Մինչդեռ, Դամասկոսում «4 եղանակ» հյուրանոցից ոչ հեռու պայթուցիկ է գործի դրվել:  Ինչպես հաղորդում է սիրիական պետական տեղեկատվական «ՍԱՆԱ» գործակալությունը, զոհվել է պատահական մեկ անցորդ: Պատճառվել է նյութական վնաս: