Սույն թվականի սեպտեմբերի 20-23-ին Տոկիոյում կայացող JATA միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի ընթացքում ադրբեջանական պատվիրակությունը փորձել է քարոզչական բնույթի հակահայկական ապատեղեկատվությամբ մեծաքանակ նյութեր տարածել մասնակիցների եւ այցելուների շրջանում:
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հանրային կապերի գրասենյակից հայտնում են, որ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի պատվիրակությունը պահանջել է ցուցահանդեսի կազմակերպիչներին արգելել ադրբեջանական պրովոկացիան, ինչին կազմակերպիչ կողմի ղեկավարությունն օպերատիվ արձագանքել է, եւ ադրբեջանական նյութերը դուրս են հանվել ցուցահանդեսից:
Ադրբեջանի ջանքերը, միջազգային զբոսաշրջային հարթակներն օգտագործել հակահայկական քարոզչության համար, հերթական անգամ ձախողվեցին` հանդիպելով զգոնության հակազդեցությանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Փարիզում կայացող Top Resa միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում վնասվել էր Հայաստանն ու Արցախը ներկայացնող տաղավարը, մասնավորապես ԼՂՀ պաստառները. ադրբեջանական կողմը բողոքել էր Արցախի մասնակցության փաստի կապակցությամբ: Չնայած այս ամենին` տաղավարը վերականգնվեց, իսկ հայկական քարտեզները եւ գովազդային նյութերը լայնորեն հասանելի էին միջազգային հանրության համար:




























