Կիրակի: Սեպտեմբերի 23: «Փոքր ամռան» վերջին օրերի ականատեսն ենք, ուստի որոշեցինք հանգստյան օրն անցկացնել Սեւանի ափին: Թեպետ տարեշրջանն ավարտվել էր, բայց ջինջ եղանակը գրավչություն էր հաղորդում կապուտաչյա մեր գեղեցկուհուն: Որոշեցի օգտվել Հարավկովկասյան երկաթուղու, կամ, կարճ ասած, «Սեւանի էլեկտրագնացքի» ծառայություններից: Հենց այդտեղ էլ, ինչպես ասում են, քաշվեցի...

Չվացուցակը ճշտեցի ՀԿԵԳ-ի պաշտոնական կայքում: Շատ ուրախացա, որ էլեկտրագնացքը թեեւ ամառվա նման Շորժա  չի գնում, բայց սեպտեմբերի 6-ից Երեւան-Սեւան նոր երթուղի է գործում: Իսկ Սեւան քաղաքից դեպի մոտակա լողափ կամ հայտնի թերակղզի հասնելը խնդիր չէ: Սակայն իբրեւ փորձված անձ որոշեցի, որ կայքին լիակատար վստահել չի կարելի, մանավանդ հաշվի առնելով այն, որ այնտեղ դրված է Երեւան-Թբիլիսի գնացքի չվացուցակը, թեեւ այն հունիսի 16-ից սեպտեմբերի 30-ը, երբ գործում է Երեւան-Բաթումի երթուղին, հանված է: Մի խոսքով, հավաստիանալու համար զանգահարեցի 1-84, հայերեն հարցրի, թե երբ է ուղեւորվում Սեւանի գնացքը: Պատասխան` «Ամեն օր, բացի չորեքշաբթի օրերից, ժամը 09.00 «Ալմաստ» կայարանից: Բոլոր կասկածները ցրվեցին, գնում եմ:

Ժամանակին հասա գնացքին, նստեցի: Մոտեցավ մեքենավարը: Տոմս գնելիս` հարցրի, թե ի տարբերություն ամռան` այժմ միայն Սեւան քաղա՞ք են գնում:  Մեքենավարը այլայլվեց եւ ասաց, որ գնացքը միայն Հրազդան է գնում: Տարեց մարդուն ընկերության կայքի մասին հիշեցնելը պարզապես անիմաստ էր, սակայն  տեղեկատուի խոսքերը փոխանցեցի: Ի պատասխան`  մեքենավարը զարմացած ուսերը թոթվեց եւ  սիրալիր համաձայնեց անվճար տեղ հասցնել մինչեւ առաջիկա  «Քանաքեռ» կայարան, որտեղ ես, բնականաբար, իջա: 

Ահա այսպես իրեն գովազդել սիրող ՀԿԵԳ-ը փչացրեց իմ հանգստյան օրը: Այսօր ես ոչ մի տեղ էլ չզանգահարեցի, քանի որ դա անիմաստ է, սակայն որոշեցի տեղեկացնել մեր ընթերցողներին…

Հ.Գ. Սակայն  զարմանալի չէ: Եթե կարելի է Երեւանի Մանկական երկաթուղու հոբելյանին  թմբկահարել ՀԿԵԳ-ի միջոցների հաշվին վերանորոգելը` անմխիթար վիճակում թողնելով երկրորդ կայարանը, ապա ընկերության կայքի եւ տեղեկատուի խոսքերի անհամապատասխանությունները կյանքի մանրուք են…

Հովհաննես Մանուկյան,  NEWS.am-ի ռուսերեն բաժնի խմբագիր