Դատարանը դեռեւս  որոշում չի կայացրել Մոսկվայում սպանված հայ աշակերտ Էդիկ Մարգարյանի մոր հայցը վերանայելու կապակցությամբ: Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել է Ալլա Մարգարյանը, դատարան ներկայացված նախորդ դիմումը` Հարավային շրջանի դատախազության անորոշ դիրքորոշման կապակցությամբ, ավարտվել է նրանով, որ դատարանը վերադարձրել է հայցը` վերամշակման առաջարկով:

«Վերամշակված տարբերակը այսօր ենք ներկայացրել»,-նշել է Ալլա Մարգարյանը: Նրա խոսքով, հարցը նրանում է, որ հայտնի չէ, թե որ դատավորի մոտ կհայտնվի մշակված տարբերակը եւ նոր դատարանը այլ առիթ չի՞ գտնի  «ուղղման» համար, քանի որ նման մոտեցումը հնարավորություն է տալիս երկարացնել ժամանակը: «Նրանք իրենց տեսակետն ունեն, ես` իմը: Կգործեմ իմ տեսակետին համաձայն»,-նշել է Ալլա Մարգարյանը:

Մոսկովյան թիվ 501 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էդուարդ Մարկարյանը մահացել է 2010 թ-ի սեպտեմբերի 7-ին: Հայտնի է դարձել, որ տղան մահացել է ծեծկռտուքի  ժամանակ: Կռիվը հրահրել է ազգությամբ ադրբենջացի 9-րդ դասարանցի Մամեդ Մամեդովը, ով, ինչպես եւ Էդուարդը, Ռուսաստանի քաղաքացիներ են հանդիսանում: Որոշ տվյալներով, Մամեդովը որոշ մարտական հնարքների է տիրապետում, որոնք կիրառել է Մարկարյանի հետ կռվի ժամանակ: Այնուհանդերձ, Մամեդովի դեմ քրեական գործը փակվել է: Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ Էդիկը տառապել է խրոնիկ հիվանդությամբ, ինչը ճակատագրական է եղել նրա համար:

Այս տարվա մարտին դատարանը Ալլա Մարկարյանի քաղաքացիական հայցի համաձայն որոշում է կայացրել, ըստ որի, Մամեդովի եւ Էդիկ Մարկարյանի միջեւ տեղի ունեցած վիճաբանության հետեւանքով առաջացած ստրեսայի իրավիճակը Էդիկ Մարկարյանի մոտ սիրտ-անոթային անբավարարություն է առաջ բերել: Այս կապակցությամբ Մամեդովի ծնողները 500 հազար ռուբլի են վճարել: Ընդ որում դատարանը մեղավոր չի ճանաչել մանկական պոլիկլինիկային եւ Առողջապահության նախարարությանը: