«Արմավիա» ավիաընկերությունն այսօրվանից վերսկսել է կանոնավոր չվերթները, եւ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը դրանք սպասարկում է պայմանավորվածության համաձայն: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի մամուլի քարտւղար Գեւորգ Աբրահամյանը: Նրա խոսքով` «Արմավիան» վճարել է պարտքի մի մասը, եւ այս պահին չվերթների սպասարկումը վերսկսվել է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն «Արմավիա» ավիաընկերությանը թույլատրել էր սեպտեմբերի 20-ի ժամը 18.00-ից վերսկսել թռիչքները`ուղեւորների շահերը չոտնահարելու համար:
Հիշեցնենք, «Արմավիայի» եւ «Արմենիա միջազգային օդանավակայանների» (որին պատկանում է «Զվարթնոց» օդանավակայանը) հակասություններն արդեն մի քանի ամիս շարունակվում են: Մի քանի անգամ «Զվարթնոցը» դադարեցրել էր «Արմավիայի» թռիչքները` պարտքի թույլատրելի ծավալի սահմանները գերազանցելու համար, սակայն բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության էին եկել:




























