Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելությունը  Հայաստանում սեպտեմբերի 9-23-ը կայացած ՏԻՄ ընտրություններին տեղի ունեցած ծեծկռտուքների մասին տվյալներ չունի: Այդ մասին այսօր` սեպտեմբերի 24-ին, հայտարարեց  առաքելության ղեկավար Անրի Ֆերալը` ներկայացնելով դիտարկման արդյունքները:

Դիտորդների կարծիքով` ցածր էին նաեւ ընտրատեղամասերում ընտրական գործընթացները տեխնիկապես վերահսկող անձանց նկատմամբ քաղաքական ճնշման ռիսկերը: Խոսքը, մասնավորապես, դպրոցների եւ ուսումնարանների տնօրենների մասին է, որտեղ  հիմնականում բացվում են ընտրատեղամասերը:

Նշենք, որ դպրոցի տնօրենի պաշտոնի քաղաքականացումը հանրության շրջանում կասկածներ է ծնում ընտրական գործընթացի անկողմնակալության վերաբերյալ:

Մամուլի հրապարակումներից դիտորդներին հայտնի է դարձել Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանի վրա գործադրված ճնշման մասին: Նա հանրապետությունում դաշնակցական միակ քաղաքապետն էր եւ  այդպես էլ չառաջադրվեց հերթական ընտրություններին:

Ընդհանուր առմամբ, հավելել է Ֆերալը, ընտրությունները կարելի է գնահատել միջազգային չափանիշներին համապատասխան: Կատարելագործում պահանջող հարցերի շարքից են կուսակցությունների քիչ ներգրավվածությունը ընտրական գործընթացին, ինչպես նաեւ կին թեկնածուների սակավաթիվ լինելը: Երկու խնդիրներից առաջինը, ըստ Ֆերալի,  մի քանի պատճառ կարող է ունենալ` ինչպես ֆինանսական միջոցների  եւ անձնակազմի սակավություն, այնպես էլ` տեղական մամինների ընտրությունների դերի թերագնահատում:

Հիշեցնենք, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները Հայաստանում  ընթացել են սեպտեմբերի 9-23-ը: Թեկնածուների մեծամասնությունը Հայաստանի Հանրապետական եւ  «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների անդամներ են եղել: Սեպտեմբերի 9-ին Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում ծեծի էին ենթարկվել 2 մարդ, սեպտեմբերի  23-ի երեկոյան եւս մեկ միջադեպ էր գրանցվել Արագածոտնի մարզի Օշական գյուղում: