Սամվել Կարապեռյանի «Տաշիր» ընկերությունը Forbes ամսագրի վարկածով հայտնվել է ռուսական 200 խոշոր ընկերությունների վարկանիշային ցուցակում: Ցուցակում մեր հայրենակցի ընկերությունը գտնվում է 32-րդ տեղում` 77 միլիարդ ռուբլի շահույթով:

Ամսագրում «Տաշիր» ընկերության մասին հաղորդվում է, որ 1999 թ-ին Հայաստանից ժամանած Սամվել Կարապետյանը ստեղծել է «Տաշիր» ընկերությունը` «Կալուգագլավսնաբ» մեծածախ առեւտրի արտադրության հիման վրա: «Այժմ ընկերության մեջ մտնում են շինարարական մի քանի ընկերություններ,  շինանյութի, ստվարաթղթի եւ սննդի  արտադրության գործարաններ, բենզալցակայանների ցանց, բանկ եւ էլեկտրոցանցային ընկերություն: Խմբի մեջ կա ավելի քան 200 ընկերություն: «Տաշիրը» կառուցել է ավելի քան 65 շինություն` 1,8 միլիոն քառակուսի մետր տարածքով, այդ թվում 19 առեւտրաժամանցային համալիրներ, գրասենյակային 7 կենտրոններ` Ռուսաստանի տարբեր շրջաններում եւ Երեւանում: 2011 թ-ին «Տաշիրը» սկսել է իրագործել 7 նոր ծրագրեր, որոնց վրա  ներդրվել է 1 միլիարդ դոլար»,- գրում է պարբերականը: Նշվում է նաեւ, որ Տաշիրը Հայաստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող  քաղաքի անվանում է, որտեղից սերում է Կարապետյանը:

Պարբերականը գրում է, որ 200 մասնավոր ընկերությունների գումարային շրջանառությունը հասել է 27,8 տոկոսի եւ հասել է ռեկորդային 10,2 տրիլիոն ռուբլու: Ընտրյալ ընկերությունները, որոնք օգնում են իրականացնել պետական հզոր ծրագրերը, կառուցում են ճանապարհներ եւ խողովակաշարեր:

Նշենք, որ ցուցակի մեջ են հայտնվել նաեւ ապահովագրական, լիզինգային եւ ներդրումային բանկեր եւ ֆինանսական այլ ընկերություններ: