Երբեմն առեւտրային բանկերը խախտում են էթիկայի կանոնները՝ վարկի տոկոսադրույքը իջեցնելու միջոցով միմյանցից հաճախորդներ փախցնելով: Նման հայտարարություն արեց այսօր՝ սեպտեմբերի 24-ին ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում պատասխանելով վանաձորցի պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի հարցմանը: Ա. Ջավադյանը նշեց, որ բանկային վարկերը տարբեր են՝ «կախված շուկայական իրավիճակից»: Ի պատասխան՝ Վ. Բաղդասարյանը հայտարարեց, որ առեւտրային բանկերը լոռեցիներին միամիտի տեղ են դրել՝ 18-20 %-ից ցածր տոկոսադրույքով վարկ չեն հատկացնում:

«Այդպիսի վարկեր էլ կան, դրանք սպառողական որոշակի վարկատեսակներ են: Եթե բիզնես-վարկեր են 18-20 տոկոսով ... պետք է նայել...Կան ֆինանսական հաստատություններ, որ նույնիսկ 50-60%-ով են վարկեր տալիս, դրանք միկրովարկեր են, որ աշխարհում ընդունված են, Ռուսաստանում նույնիսկ 300% է»,- ասաց Ա. Ջավադյանը: Սակայն նաեւ հիշեցրեց, որ օրենքով կա սահմանափակում ( հավելելով, որ այդ սահմանափակման հետ համաձայն չէ), ըստ որի վարկերի տոկոսադրույքները բանկային տոկոսադրույքից 2 անգամ ավելի լինել չեն կարող: Նշենք, որ ներկայում ԿԲ-ի կողմից բանկային տոկոսադրույքը սահմանվել է 12%: