Վրաստանում ընտրություններից մեկ շաբաթ առաջ իրադրությունը խիստ լարված է: Լրատվամիջոցները հայտնում են հարձակման  2 դեպքերի մասին` ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչների վրա:

Հարձակման է ենթարկվել  «Վրացական երազանքի» ներկայացուցիչ Բուբա Դվալին`Գարդաբանի շրջանի նախընտրական շտաբի ղեկավարը:  Շրջանում ընդդիմության թեկնածու Մամուկա Արեշիձեն հայտարարել է, որ  անհայտ անձինք տղամարդուն բռնացրել են Թբիլիսիում իր տան շքամուտքում եւ երեսին հեղուկ շփել: «Վրացական երազանքում» ենթադրում են, որ  հեղուկը ծծմբաթթու է եղել, քանի որ Դվալին դեմքի լուրջ վնասվածքներ է ստացել, նրան վիրահատել են: 

Արեշիձեն նաեւ հայտնել է, որ դեպքի վայր ոստիկանություն են կանչել, սակայն իրավապահներն այդպես էլ չեն եկել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Հարձակում է տեղի ունեցել նաեւ իշխանության ակտիտվիստների վրա: Սեպտեմբերի 24-ի գիշերը հարձակվել են իշխող Միացյալ ազգային շարժման անդամների ավտոբուսի վրա, որը Զուգդիդիից Աբաշի էր  մեկնում, գրում է «Գռուզիա Online»-ը:

Ինչպես հայտնում են ականատեսները,  մի քանի մեքենաներ փակել են ճանապարհը: Ավտոբուսի վարորդին հաջողվել է խուսափել բախումից, սակայն երբ նա  կանգնեցրել է մեքենան, անհայտ անձինք ծեծի են ենթարկել, վիրավորել եւ կոտրել մեքենայի դիմապակին:

Դեպքի վայր ժամանած իրավապահները ձերբակալել են 2 տղամարդու, 3-րդը ձերբակալվել է ավելի ուշ: 3-ն էլ «Վրացական երազանքի»  կողմնակիցներ են եղել: