Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն, 2012թ. հոկտեմբերի 1-ին նախատեսվող խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք են ստացել 14 կուսակցություն եւ 2 քաղաքական դաշինք,ընտրողների թիվը 3,6 մլն մարդ, իսկ արտերկրում ընտրություններին կմասնակցի 42հազ. մարդ: Այդ մասին այսօր`սեպտեմբերի 24-ին մամուլի ասուլիսում հայտնեց վրացագետ Ալիկ Էրոյանցը:
Ըստ նրա` ընտրություններին մնացել է մեկ շաբաթ, մինչդեռ Վրաստանի ներքաղաքական մթնոլորտը գնալով սրվում է` Գլդանի բանտում տեղի ունեցած բռնությունների հետ կապված: «Ընտրություններին պայքարը հիմնականում կծավալվի իշխող «Միացյալ ազգային շարժում» եւ կոալիցիոն ըննդիմադիր «Վրացական երազանք» միջեւ: Վերջին շրջանում այս երկու ուժերը զբաղված են ոչ միայն քարոզարշավով , այլեւ միմյանց փոխադարձ մեղադրանքներ ներկայացնելով: Ընդդիմադիր «Վրացական երազանք» դաշինքի ղեկավար Բիձինա Իվանիշվիլիու դիրքերը երկրի հասարական - քաղաքական կյանքում գնալով ամրապնդվում են եւ նա արդեն ունի համակիրների ստվար բանակ: Հենց ընդդիմադիր «Մաեստրո» եւ «TV 9» հեռուստաալիքներով ցուցադրվեցին Գլդանի բանտում տեղի ունեցած բռնությունների տեսագրությունը եւ բնական է , որ այս սկանդալը բացասաբար անրադարձավ ներկայիս իշխանությունների վարկանիշին», - ասաց փորձագետը:
Հարցին , թե ինչ մասնակցություն կունենան վրացահայերը առաջիկա ընտրություններին, նա հայտնեց, որ իշխող կուսակցությունից կառաջադրվեն 5, իսկ ընդդիմադիր դաշինքից 2 հայ պատգամավոր, սակայն ինչպես ցույց են տվել նախորդ ընտրությունները վրացահայերը հիմնականում կպաշտպանեն իշխող վարչակարգին:
Անրադառնալով հայ- վրացական հարաբերություններին, նա նշեց , որ դրանք բավականին բարձր մակարդակում են, դրա ապացույցն են միջկառավարական հանդիպումները, համագործակցությունը տարբեր ոլորտներում` ուստի. «Հայաստանի իշխանությունները ավելի հետեւողական պետք է լինեն ու Վրաստանի ուշադրությունը սեւեռեն վրացահայերի խնդիրներին»:




























