Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, այսօր` սեպտեմբերի 24-ին կրկին հետաձգվեց «Հարսնաքարի» գործով դատական նիստը:
Ամբաստանյալ Արման Խաչատրյանի պաշտպանությունը ստանձնած Ավագ Լալայանը միջնորդեց հետաձգել նիստը` գործի նյութերին ծանոթանալու համար:
Տուժող կողմի փաստաբան Վահե Գրիգորյանը հայտարարեց, թե դահլիճում քաղաքացիական հագուստով ոստիկաններ են նստած, եւ նրանց ներկայության պատճառով խաչընդոտվում է լրագրողների աշխատանքը: «Պարզ է, թե ինչ պատճառով են աշխատանքային ժամերին նրանք գտնվում այստեղ»,- նշեց Գրիգորյանը` դատավորին խնդրելով ուշադրություն դարձնել տվյալ հանգամանքի վրա: Դատավոր Դավիթ Հարությունյանը հակադարձեց, թե դա դատարանի լիազորությունների մեջ չի մտնում:
Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հոկտեմբերի 3-ին, ժամը 14:30-ին: Նշենք, որ սեպտեմբերի 13-ի նիստն էլ հետաձգվել էր Արման Խաչատրյանի` փաստաբան չունենալու պատճառով:
Ի դեպ, դատավարությանը ներկա էր նաեւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց Ռուբո) պատկանող «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանցից մեկը` ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, հունիսի 29-ին հիվանդանոցում մահացել էր:
Հարուցված քրգործի շրջանակներում կալանավորվել էր 6 մարդ` Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանն ու Արթուր Բաբլոյանը, որոնց մեջ կան նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներ:
Հուլիսի 31-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը նախկինում առաջադրված մեկ մեղադրանքի փոխարեն երեք մեղադրանք էր առաջադրել: Վերաորակված մեղադրանքն առաջադրվել է բոլոր վեց կալանավորվածներին: Նոր մեղադրանքով նրանք մեղադրվում են 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 14-րդ կետերով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը , որը կատարվել է մի խումբ անձանց, կազմակերպված խմբի կողմից եւ անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), եւ 118-րդ հոդվածով (Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը):
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի





























