Վրաստանի իշխանությունները երկիր են բերել գրոհայիններ` երկրի դրությունն ապակայունացնելու նպատակով: Այդ մասին սեպտեմբերի 24-ին հայտարարել է «Վրացական երազանքի» մամուլի խոսնակ Մայա Փանջիկիձեն: Նա հայտարարել է, որ այդ տեղեկատվությունը կոալիցիան ստացել է գաղտնի, հավաստի աղբյուրից, հաղորդում է GHN-ը:
Ըստ նրա` սադրանք ցանկանում են իրագործել նրանք, ովքեր հաղթանակի հնարավորություն չունեն: Նա ավելացրել է, որ գրոհայինների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը հայտնի կդառնա ավելի ուշ:
Մայա Փանջիկիձեն նաեւ հայտարարել է, որ Բիձինա Իվանիշվիլին ոչ մի կապ չունի բանտային հրապարակված աղմկահարույց տեսագրությունների հետ: «Բիձինա Իվանիշվիլին եւ «Վրացական երազանքը» ոչ մի կապ չունեն հրապարակված տեսագրությունների հետ: Առավել եւս, որ դրանցից մեկի ամսաթիվը նշված է 2011թ. մայիս: Այդ ժամանակ Իվանիշվիլին ընդհանրապես չկար քաղաքական ասպարեզում, եւ «Վրացական երազանք» կոալիցիան գոյություն չուներ», - ասել է նա:
Միաժամանակ, նախորդ շաբաթ Վրաստանում Գլդանի բանտի բռնությունների հրապարակված տեսագրությունների աղմուկն ավելի է թեժանում: Պաշտոնից ազատվել է Բարսելոնայում Վրաստանի հյուպատոս Պաատա Պապուաշվիլին:
Ինչպես հայտնում է «ՎԶԳԼՅԱԴ» թերթը, վրացի հայտնի երգիչ Բակուր Բուրդուլին հրաժարվել է մի քանի տարի առաջ նախագահից ստացած Պատվո շքանշանից «բանտային սկանդալի» պատճառով: Նա բավականին կտրուկ է արտահայտվել նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հասցեին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, սեպտեմբերի 18-ին վրացական մի շարք հեռուստաալիքներ ցուցադրել էին Գլդանի բանտում կտտանքների եւ բռնությունների տեսարաններ, որոնք զանգվածային բողոքի ակցիա էին հրահրել ամբողջ Վրաստանում: Գլխավոր դատախազությունը Բիձինա Իվանիշվիլիին մեղադրել էր տեսագրությունների պատրաստման եւ տարածման մեջ: Հաղորդվել էր, որ հեռուստաալիքներին տեսագրությունները տրամադրած Գլդանի բանտի նախկին աշխատակից Բեդուկիձեն դրանց դիմաց ստացել է 2 միլիոն դոլար: Վրաստանում տեսագրություններին հաջորդել են աղմկահարույց պաշտոնանկություններ. պաշտոնից հեռացել է ՆԳՆ-ի ղեկավար Բաչո Ախալայան, սակայն բողոքողները պահանջում են նրա ձերբակալությունը: Բիձինա Իվանիշվիլին նախագահին խորհուրդ է տվել հեռանալ, իսկ Սահակաշվիլին կատարվածում Ռուսաստանի հետքն է տեսնում:





























