Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 24-ին բացահայտել է ռազմական գերատեսչության նախկին ղեկավար, գեներալ Պավել Գրաչեւի  մահվան պատճառը: 65-ամյա գեներալը մահացել է սուր մենինգոէնցեֆալիտից:

Գրաչեւը կթաղվի Մոսկվայում`Նովոդեւիչյան գերեզմանոցում: Պաշտպանության նախկին նախարարի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին Ռուսաստանի Զինված ուժերի մշակութային կենտրոնում: Ավելի վաղ բժիշկները մահվան այլ պատճառ էին նշում` կաթվածը; Իսկ մի շարք լրատվամիջոցներ հաղորդել էին, որ նա թունավորվել էր սնկերից:

Գրաչեւը մահացել է սեպտեմբերի 23-ին Վիշնեւվկսու անվան զինվորական հոսպիտալում: Նա այնտեղ է տեղափոխվել սեպտեմբերի 12-ին եւ գտնվել է ծայրահեղ ծանր վիճակում: Նախկին նախարարի մահվան կապակցությամբ ցավակցություն են հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: