Լիբիայի նախկին բռնակալ Մուամար Քադաֆին մի ամբողջ հարեմ է ունեցել, Իսկ նրա գերուհիների թվում եղել են նաեւ առեւանգված աշակերտուհիներ: Ջամահարիայի ղեկավարի սեքսուալ արկածների մասին պատմող «Քադաֆիի հարեմի զոհը» գրքի հեղինակը ֆրանսիացի լրագրող Աննիկ Կոժանն է:
Դիմակազերծող հրատարակությունը հիմնականում պատմում է Սորայա անունով աղջկա մասին: Նա փախցվել է լիբիական հատուկ գործակալների կողմից 2004 թ-ին` 15 տարեկանում: Դպրոցական հանդիսավոր արարողության ժամանակ աղջնակին հանձարարվել էր ծաղկեփունջ նվիրել Քադաֆիին: Քադաֆին վերցրել է նվերը, իսկ հետո ձեռքը դրել է աղջկա գլխին, ինչը նշանակում էր, որ նա հավանել է աղջկան եւ նա պետք է պատկանի իրեն, գրում է The Daily Mail թերթը:
Մեկ օր անց Սորայայի ծնողների վարսավիրանոց են մտել «համազգեստով կանայք»: Նրանք աղջկան տարել են իրենց հետ, վերցրել են արյան անալիզ եւ չափել են կուրծքը, որից հետո մշակել են մարմինը, հագցրել են երկար սպիտակ հագուստ եւ ուղեկցել են ննջասենյակ, որտեղ նրան սպասում էր բռնակալը: 5 տարի շարունակ Սորայան սեռական բռնության է ենթարկվել Քադաֆիի կողմից:
Սորայայի վկայությամբ Քադաֆին օրական մի քանի անգամ հանդիպում էր հարեմի կանանց հետ: Վերջինիս վկայությամբ բռնակալը երբեմն սեռական բռնություններ էր գործադրում երիտասարդ տղաների նկատմամբ:
Աննիկ Կոժանի տվյալներով` Քադաֆին գաղտնի բնակարաններ ուներ նաեւ Տրիպոլիի համալսարանի տարածքում, քանի որ բռնակալը սիրում էր ժամանակ անցկացնել ուսանողուհիների հետ:





























