Հայաստանի եւ Ադրբեջանի` Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի ներկայացուցչների հնարավոր հանդիպման կազմակերպման նպատակով ադրբեջանական կողմի հետ բանակցությունները հաջողություն չեն ունեցել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ բանակցությունները ընթացել են Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ եւ նախատեսվում էր հանդիպումը անցկացնել երրորդ երկրի տարածքում:
«Ադրբեջանական կողմը դեռեւս հրաժարվում է հանդիպումներից»,-նշել է Արմեն Կապրիելյանը: Աշխատանքային խմբի ղեկավարի խոսքով, ադրբեջանական կողմը հայտնել է, որ «պատրաստ չէ հանդիպմանը»: «Սակայն հայկական կողմի համար հարցը շարունակում է օրակարգային մնալ: Հանդիպման կազմակերպման աշխատանքները շարունակվում են»,-ընդգծել է Կապրիելյանը:
Հայաստանի եւ Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովների միակ հանդիպումը տեղի է ունեցել 2006 թ-ին Բրյուսելում` նույնպես ԿԽՄԿ-ի միջնորդությամբ:
Կողմերը պարտավորվել են ժամանակին կատարել փոխադարձ հարցումները եւ փոխանակվել տեղեկություններով, որոնք վերաբերում են անհայտ կորածներին եւ ռազմագերիներին: Սակայն Ադրբեջանական կողմից այս պայմանավորվածությունն այդպես էլ չի իրականացվել եւ իրենց պարտավորություները չեն կատարել:




























