Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է «Լուդինգ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Շահազիզյանին:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե հանդիպման սկզբում նախագահ Սահակյանը Արցախին մատուցած ծառայությունների համար բարերարին հանձնել է «Երախտագիտություն» մեդալ:
Բակո Սահակյանը բարձր է գնահատել «Լուդինգ» ընկերության դերակատարությունն Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման գործում՝ նշելով, որ համագործակցության հետագա խորացման համար առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները:
Հանդիպմանը նաեւ քննարկվել են ԼՂՀ-ում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Այնուհետեւ նախագահ Սահակյանը բարերարի հետ միասին այցելել է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարան եւ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն հաստատության պայմանների բարելավման կապակցությամբ:
Արցախի Հանրապետության ախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 24-ին այցելել է նաեւ Ստեփանակերտի տուն-ինտերնատ եւ ծանոթացել հաստատության կապիտալ վերակառուցված մասնաշենքերի պայմաններին:
Նախագահը գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքների կապակցությամբ՝ նշելով, որ դրանք շոշափելիորեն կբարելավեն այնտեղ բնակվող մեր հայրենակիցների կենսապայմանները:
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել «Հայաստան» համահայկական հիմնադրամին եւ բարերար Արմեն Շահազիզյանին՝ Ստեփանակերտի տուն-ինտերնատի վերակառուցման կապակցությամբ՝ այն համարելով մեր երկրի համար պահանջված նախագիծ:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք:





























