Սույն թվականի սեպտեմբերի 19-22-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի ունեցած ԱՊՀ անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի հերթական 7-րդ նստաշրջանի աշխատանքների ավարտին որոշվել է 2013թ-ին 8-րդ հերթական նիստն անցկացնել Հայաստանի Հանրապետությունում, իսկ ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել են ոլորտին վերաբերող տարբեր հարցեր, ամփոփվել են համագործակցության շրջանակներում կատարված աշխատանքներն ու նախանշվել հետագա ծրագրերը:

Քննարկվել է նաեւ խորհրդի դերի բարձրացման հարցը, որպեսզի այն ավելի ակտիվ դերակատարություն ունենա ԱՊՀ անդամ երկրներում իրականացվող բարեփոխումների արագացման գործընթացում, ներառյալ մոդելային նախագծերի հաստատման, ինչպես նաեւ փորձի ավելի ակտիվ փոխանակման միջոցով: Այս նպատակով որոշվել է հետագա նիստերն առավել առարկայական եւ պարունակական դարձնել:

Նիստի շրջանակներում տեղի է ունեցել նաեւ Հայաստանի եւ Բելառուսի արդարադատության նախարարների երկկողմ հանդիպումը, որի ընթացքում նախարարները քննարկել են իրենց երկրներում իրականացվող փոփոխություններին առնչվող հարցեր: ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ներկայացրել է իր ղեկավարած գերատեսչությունում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես՝ ԴԱՀԿ ծառայության եւ նոտարական համակարգի կարգավիճակի, իրականացվող բարեփոխումների, առկա ձեռքբերումների հետ կապված հարցեր, ինչպես նաեւ դատական փորձաքննությունների ոլորտում համագործակցության հնարավորությունները:

Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության արդարադատության նախարարները ստորագրել են համաձայնագիր՝ «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության եւ Բելառուսի Հանրապետության արդարադատության նախարարության միջեւ դատական փորձաքննության բնագավառում համագործակցության մասին»:

ԱՊՀ անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի հերթական 7-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը, ինչպես նաեւ Բելառուսի, Ռուսաստանի Դաշնության եւ Տաջիկստանի արդարադատության նախարարությունների ներկայացուցիչները: