«Բիձինա Իվանիշվիլի` Վրացական երազանք» ընտրական դաշինքը սեպտեմբերի 24-ին Վրաստանում ՆԳՆ-ի տարածած տեղեկությունները սադրանք եւ կեղծիք է անվանել: Տեղեկություններին զուգահեռ տեսանյութ էր տրամադրվել` որպես Իվանիշվիլիի կուսակցի կողմից մի շարք ծառայողների կաշառելու ապացույց:
Ըստ նախընտրական դաշինքի` «սուտն ու բռնությունը եղել եւ մնում են Սահակաշվիլիի գլխավոր զենքը քաղաքական հակառակորդների եւ վրաց ժողովրդի դեմ պայքարում», եւ այդ բռնության քաղաքականությանը վերջ կտրվի հոկտեմբերի 1-ին»:
Ինչպես հայտնում է «Գռուզիա օնլայնը», սեպտեմբերի 24-ին Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել էր «Վրացական երազանք» կուսակցության կողմից պետական ծառայողների կաշառման փաստերի բացահայտման մասին, այդ թվում նաեւ` ոստիկանության աշխատակիցների:
Ձերբակալվել են Գեորգի Գերկերաշվիլին, Գեորգի Ձոցենիձեն, Կոբա Սամխարաձեն եւ ոստիկանության աշխատակից Ռոման Մայիսուրաձեն: Ոստիկանի մոտից առգրավել են 50 հազար դոլար: Ինչպես նշում է ՆԳՆ-ն, նման գործերից մեկին մասնակից է ընդդիմության թեկնածու Ալեկո Թաբաթաձեն: Ըստ ՆԳՆ-ի` ոստիկաններին կաշառելու գործում խառն է նաեւ «Վրացական երազանքի» առաջնորդի զարմիկը: Վրաստանի ՆԳՆ-ն նաեւ տվյալ փաստերով տեսանյութ է տարածել:





























