Վրաստանում շարունակվում է ՆԱՏՕ-ի «Ջորջիա 2012» դաշտային ուսումնավարժությունը, որին մասնակցում է նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական թիմը: Ռուսթավիում է նաեւ ՀՀ ԱԻ նախարարի շարժական կառավարման կետը` հագեցած կապի եւ հաղորդակցության գրեթե բոլոր ժամանակակից սարքավորումներով, որի միջոցով էլ պարբերաբար տեղեկություններ են ստացվում ուսումնավարժության ընթացքի մասին։ 

Քիչ առաջ ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչը Վրաստանից հայտնեց, որ ուսումնավարժության երրորդ օրը Ռուսթավիում ծավալված վրանային քաղաքում տեսական ու գործնական դասընթացներ են անցկացվել քիմիական, ճառագայթային ու կենսաբանական մոնիթորինգի խմբերի համար, որոնց մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի եւ Միացյալ Նահանգների թիմերը։

Գործնական աշխատանքների ընթացքում ամերիկացի փրկարարներն իրականացրել են պայմանական վարակված տարածքի հետախուզություն, իսկ հայկական թիմի անդամները, հատուկ պաշտպանիչ հանդերձանքով, մտել են շինության ներսը, հայտնաբերել «տուժածներին» եւ նրանց դուրս բերել վտանգավոր գոտուց։

Շտաբային վարժանքներ են անցկացվել նաեւ տեղի իշխանությունների (LEMA), աղետի գոտում գործողությունները համակարգող կենտրոնի (OSOCC) ներկայացուցիչների եւ զանգվածային լրատվամիջոցների հետ աշխատող խմբի համար։ Նրանց ուսուցանվել են աղետի դեպքում միջազգային կառույցների արձագանքման մեխանիզմները։ Շտաբային վարժանքի ընթացքում մասնակիցներին ներկայացվել է պայմանական իրավիճակ, տրվել են դրանց համապատասխան առաջադրանքներ։ Հիմնական նպատակն էր նախապատրաստվել «Ջորջիա 2012» ուսումնավարժության գործնական փուլին։

Վաղը մեկնարկելու են «Ջորջիա 2012» դաշտային ուսումնավարժության գործնական աշխատանքները` ուժեղ երկրաշարժի եւ դրանից բխող երկրորդային հետեւանքների (ջրհեղեղ, ՃՏՊ-ներ, քիմիական վտանգավոր նյութերի արտահոսք, հրդեհներ) սցենարով: