Իրանական իշխանությունները ձերբակալել են երկրի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի որդուն` Մեհդի Հաշեմիին: Նա ձերբակալվել է` Թեհրան ժամանելով Լոնդոնից, որտեղ թաքնվում էր վերջին երեք տարին:

Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, վկայակոչելով IRNA գործակալությունը, Հաշեմիին մեղադրում են 2009թ. բողոքի հակակառավարական ակցիաներին մասնակցելու մեջ: Նրա հետ միասին փողոց էր դուրս եկել նաեւ քույրը` Ֆաեզե Հաշեմին, ում ձերբակալել էին, իսկ եղբայրը փախուստի էր դիմել:

Ի դեպ, սեպտեմբերի 22-ին սկսվել է Ֆաեզե Հաշեմիի ազատազրկումը: Նրան 2012թ. հունվարին դատապարտել էին վեց ամսվա ազատազրկման: Ենթադրաբար նրա դեմ գործ էին հարուցել ընդդիմադիր կայքին հարցազրույց տալու եւ իշխանություններին քննադատելու համար: