Անհասկանալի է, թե ինչու են սոցհարցման մեջ ընդդիմադիր անվանել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը՝ մեկնաբանելով «Սոցիոմետր» կենտրոնի հարցման արդյունքները:

1650 հարցվածների 30,4%-ը հավանական թեկնածու էր համարել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին,  10,1%-ը` Ռոբերտ Քոչարյանին, 8,7% -ը` «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին,  4% -ը` ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին,  3,4 եւ 2,5%-ը համապատասխանաբար Վահան Հովհաննիսյանին եւ Արմեն Ռուստամյանին:

Զարմանալի է, որ Գագիկ Ծառուկյանը ընդդիմադիր թեկնածու է համարվում, քանի որ դա պարզապես անհնար է, նշել է Սաֆարյանը: Այդուհանդերձ, ըստ նրա, նույնիսկ եթե շարժվենք հարցման արդյունքներով, ընդդիմության ամենահավանական թեկնածուն «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն է: «Ծառուկյանի եւ Քոչարյանի, որպես ընդդիմադիրների մասին խոսելն անիմաստ է, երրորդը Րաֆֆի Հովհաննիսյանն է: Բացի այդ, նա հայտարարել է նախագահական ընտրությունների մասնակցելու մտադրության մասին»,,- նկատել է Սաֆարյանը: