Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է ուղարկել ՌԴ պաշտպանության նախկին նախարար Պավել Գրաչովի մահվան կապակցությամբ:

Պավել Գրաչովի տիկնոջը՝ Լյուբով Գրաչովային ուղղված հեռագրում ասված է.

«Խոր վշտով տեղեկացա Պավել Սերգեյի Գրաչովի մահվան մասին:

Պավել Գրաչովը իսկական սպա էր, քաջարի դեսանտային, խիզախ եւ ազնիվ մարդ, ով իր կյանքը նվիրել էր զինվորական ծառայությանը, Ռուսաստանի պաշտպանունակության եւ ազգային անվտանգության ամրապնդմանը, արժանացել Խորհրդային Միության Հերոսի բարձրագույն կոչմանը:

Հայաստանում բարձր են գնահատում տաղանդավոր գեներալ Պավել Սերգեյի Գրաչովի բացառիկ ջանքերը եւ նշանակալի մասնակցությունը մեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդմանը, Հայաստանի պաշտպանունակության բարձրացմանն աջակցելու գործում: Նա կանգնած է եղել մեր եղբայրական երկրների միջեւ դաշնակցային գործընկերության կայացման ու զարգացման հիմքերում:

Հետեւողական եւ արդյունավետ գործունեության, ինչպես նաեւ իր մարդկային բարձր որակների շնորհիվ, Պավել Գրաչովը հայ ժողովրդի հիշողության մեջ միշտ կմնա որպես հավատարիմ բարեկամ եւ անկեղծ զինակից: Նրա պրոֆեսիոնալ ոգին, հավատարմությունը երդմանն ու պարտքին, խիզախությունն ու անվեհերությունը վառ օրինակ են երիտասարդ սերունդների համար:

Հարգելի Լյուբով Ալեքսեյի,

Ընդունեք անկեղծ ցավակցություններս, մաղթում եմ տոկունություն եւ համբերություն Ձեր ընտանիքի համար այս ծանր օրերին»: