Իրանի իշխանությունները լուրջ չեն ընդունում Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու Իսրայելի սպառնալիքները: Սակայն անհրաժեշտության դեպքում նրանք պատրաստ են այդպիսի գրոհը հակադարձնել, Նյու Յորքում լրագրողներին ասել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
«Ընդհանուր առմամբ մենք լուրջ չենք վերաբերվում սիոնիստների սպառնալիքներին: Սակայն մեր տրամադրության տակ կան պաշտպանության բոլոր միջոցները, եւ մենք պատրաստ ենք պաշտպանել մեզ»,-ասել է ԻԻՀ նախագահը:
Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարներից Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել էր, որ Իրանը կարող է կանխարգելիչ հարված հասցնել Իսրայելին, եթե վստահ լինի, որ հրեական պետությունը ծրագրում է հարձակվել Իրանի վրա:





























