Ի հայտ են եկել նոր մանրամասներ Թբիլիսիի Գլդանի թիվ 8 բանտում հայ դատապարտյալի նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բռնության ենթարկված դատապարտյալներից մեկը հայ էր, ում ինքնությունը ճշտելու գործը ստանձնել էր Վրաստանի հայկական համայնքը:
Տուժողի ինքնությունը ճշտելու համար հայկական համայնքը համապատասխան դիմում էր ներկայացրել իրավապահներին, սակայն նրա ինքնությունը պարզել չի հաջողվել, փոխարենը ճշտվել է բռնություն կիրառողի ինքնությունը. դա ազգությամբ հայ Ռոբերտ Առաքելյանն է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման ղեկավար Առնոլդ Ստեփանյանը:
Հարցին, թե ինչն է պատճառը, որ դեռեւս հայտնի չէ տուժողի ինքնությունը, Ստեփանյանն ասաց, որ դա « պայմանավորված է Վրաստանի պետական համակարգի գործելաոճով, որը խոչընդոտում է տեղեկատվություն ստանալուն»:
Նշենք, որ Թբիլիսիի Գլդանի թիվ 8 բանտում պահապանների կողմից դաժան ծեծի ենթարկված անձանցից մեկը հայ է եղել: Ինչպես հայտնել է վրացական TV9 հեռուստաալիքը, բանտի պահապանները կտտանքների են ենթարկել նաեւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Տեսանյութում երեւում է, թե ինչպես են հայազգի դատապարտյալին կապել ճաղերին եւ տանջում: Վերջինս վրացերենով եւ հայերենով հայհոյում է իրեն տանջողներին: Դատապարտյալի անունը չի հաղորդում:
Հիշեցնենք, որ երեկ` սեպտեմբերի 18-ի երեկոյան վրացական Մաեստրո» եւ «Իններորդ ալիք» հեռուստաընկերությունները եթերում դաժան ծեծի եւ առանձնակի այլասերված ձեւի բռնաբարության ցնցող կադրեր են ցուցադրել` հայտարարելով, որ Գլդանի գաղութում տեղի ունեցածի ողջ տեսագրությունն ունեն: Այն նրանց փոխանցել է բանտի` Բելգիայում գտնվող նախկին աշխատակիցը: «ՏՎ-9»-ի հետ հարցազրույցում նա ասել էր, որ բանտարկյալներին տանջելը կատարվում էր Վրաստանի ներքին գործերի նախարար Բաչո Ախալայի հրամանով եւ այդ մասին գիտեր պատժամիջոցների իրականացման նախարար Խաթունա Կալմախելիձեն:




























