Հայաստանում ՏԻՄ ընտրություններն ուղեկցվեցին ընտրակաշառքների բաժանումով, վարչական ռեսուրսների կիրառմամբ` իշխանություն-ոստիկանություն, դատախազություն բոլոր լծակների գործարկումով: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Մանուկյանի խոսքով` մի քանի գյուղերում իշխանությունները բնակիչներին փողեր են բաժանել որպես ընտրակաշառք, որոնցով բնակիչները գնել են ալյուր, առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ. «Դա նշանակում է, որ մարդկանց վիճակն այնքան ողբալի է, որ ստացած կաշառքը նրանք անմիջապես մթերքի վրա են ծախսել»:Մանուկյանը նշեց, որ աշխարհում չկա այնպիսի բան, որ 15 տարի շարունակ մեկ կառավարող կուսակցության դեպքում ժողովուրդը շարունակաբար լքի երկիրը եւ այդ կուսակցության ներկայացուցիչների մեծ մասն ընտրվի ՏԻՄ ընտրություններում:Միաժամանակ Մանուկյանը նշեց, որ ոչ միշտ է հաջողվել կաշառել ընտրողներին:
«Շատ քվեաթերթիկներում վիրավորական խոսքեր կային նրանց հասցեին, ովքեր կաշառք են տվել: Ժողովուրդը ոչ միշտ է կաշառք վերցնում եւ վախենում սպառնալիքից: Շատ դեպքերում ժողովուրդն արժանապատիվ է իրեն պահել, նրան այդքան հեշտ չէ կոտրելը»,-նշեց ընդդիմադիր գործիչը:




























