Հայտնի է, որ Ահարոն Ադիբեկյանը հենց այնպես հարցումներ չի անում։ Այդ մասին գրում է «Իրատես de facto» թերթը։
«Այս անգամ Սոցիոլոգի առջեւ հստակ պահանջ էր դրվել. պարզել, թե հասարակությունն ընդդիմության միասնական թեկնածու տեսնո՞ւմ է Գագիկ Ծառուկյանին։ Եւ տեսնողների Ադիբեկյանը գտել էր։
Այնինչ իրականում, ինչպես մեր աղբյուրն է պնդում, Ծառուկյանը լրիվ այլ բան է ծրագրել։ Այս փուլում հասարակության տրամադրությունները շոշափելու համար ասպարեզ է նետվել երկու քաղաքական հաշվարկ։ Նախ ինչպես կվերաբերվեն իրեն, եթե հանկարծ առաջադրվելու ցանկություն ունենա, ինչը երկրորդական է գլխավոր նպատակի առջեւ։
Ըստ մեր աղբյուրի, ցանկանալով ուռճացնել հարցումների պատկերը, ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ քաղաքական «առեւտրից» շատ օգուտներ կորզելու հեռահար նպատակներ ունի։ Ավելին, ըստ հարցումների, Քոչարյանը Ծառուկյանին զիջում է խոշոր հաշվով։ Մեր աղբյուրի դիտարկմամբ, սա էլ ՀՀԿ-ին ընդառաջ քայլ է, թե իրենց համար էական չէ Քոչարյանի քաղաքական վերակենդանացումը, կարեւորը իշխանության բաժանման ժամանակ ԲՀԿ-ի տոկոսները շատ լինեն։
Այսպես թե այնպես, այսօր ոչ թե նախընտրական շրջանն է մեկնարկել, այլ կառավարության քվոտաների ձեռքբերման, ասել է՝ ում ինչքան կհասնի իշխանական այս «տորթից»»,- գրում է «Իրատես de facto»-ն։




























