Սենկակու վիճահարույց կղզիների եւս մեկ հավակնորդ` Թայվանը, մի ամբողջ նավատորմ է ուղարկել կղզիների մոտ: Տասնյակ ձկնորսական նավեր 6 նավերի ուղեկցությամբ մտել են Սենկակու կղզիների տարածքային ջրեր:
Kyodo գործակալությունը հաղորդում է, որ ներկայումս նկատվել են 40-50 ձկնորսական նավ: Նախօրեին հաղորդվել էր, որ թայվանական 70-ից ավելի ձկնորսական նավեր ուղեւորվում են դեպի վիճահարույց Սենկակու կղզիներ:
Նախօրեին Չինաստանից 3 նավ մտել էին Ճապոնիայի տարածքային ջրեր, հայտնում է «Ռոսբալտը»:
Դյաոյուդաո կղզիախմբի շուրջ վեճը, որը Պեկինում համարում են չինական տարածք, շարունակվում է 1970-ականներից:
Հակամարտությունն ավելի թեժացավ, երբ սեպտեմբերի 11-ին ճապոնական կառավարությունը մասնավոր սեփականատերից գնեց 5 կղզիներից 3-ը: ՉԺՀ-ն Տոկիոյից պահանջել էր չեղյալ համարել այդ որոշումը: Դրանից հետո Չինաստանում սկսվել էին հակաճապոնական ելույթներ, ճապոնական մի շարք ընկերություններ ստիպված են եղել անկարգությունների պատճառով դադարեցնել իրենց գործունեությունը Չինաստանում: Տարածքներին հավակնում է նաեւ Թայվանը:





























