Իրանական միջուկային ծրագրի վտանգավոր բնույթի վերաբերյալ տեղեկության հետեւում կանգնած է Իսրայելը: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Ըստ նրա` Իսրայելը փորձում է պատերազմ հրահրել:
«Սիոնիստները շատ արկածախնդիր են: Նրանք փորձում են կեղծել փաստերը, եւ վստահ են իրենց հաղթանակին», - ասել է Իրանի նախագահը սեպտեմբերի 24-ի երեկոյան Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ-ի նիստից հետո CNN-ի հետ հարցազրույցում:
Ըստ իրանական առաջնորդի` Իսրայելի հարձակման դեպքում Իրանը կպաշտպանվի:
Իրանի նախագահը բացատրել է, թե ինչ է նկատի ունեցել` ասելով, որ կջնջի Իսրայելը երկրի երեսից: Նա նկատի է ունեցել միայն պատասխան գործողությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ի ԳԱ-ի 67-րդ նստաշրջանին Ահմադինեժադն առաջիններից մեկն է ելույթ ունեցել, նա կոչ է արել համաշխարհային կազմակերպությունը այնպես անել, որ ԳԱ-ն դառնա համաշխարհային կարգուկանոնի կառավարման միակ միջոցը եւ յուրաքանչյուր երկիր կարողանա մասնակցել որոշումների կայացմանը:





























