Իրանի իշխանությունները հայտնել են «Օսկար» մրցանակաբաշխությունը բոյկոտելու մտադրության մասին. պատճառը հակաիսլամական «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմն է: Իսլամական պետության մշակույթի նախարար Մոհամեդ Հոսեյնը հայտնել է, որ Իրանը, ի նշան ԱՄՆ-ի դեմ բողոքի, կհրաժարվի մասնակցել ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխությանը, քանի որ կինոակադեմիան սկանդալային ֆիլմի դեմ ոչ մի հրապարակային հայտարարությամբ հանդես չի եկել:

Հոսեյնը նաեւ իսլամական այլ երկրներին եւս կոչ է արել  հետեւել Թեհրանի օրինակին:

Ինչպես նշում է Reuters-ը, չնայած Իրանում գործող գրաքննությանը, այս երկրի կինոարտադրանքները լայն ճանաչում ունեն ողջ աշխարհում եւ բարձր են գնահատվում կինոքննադատների կողմից: 2012 թ.-ին Ասգար Ֆարհադիի «Նադերի եւ Սիմինի ամուսնալուծությունը» ֆիլմը «Օսկարի» էր արժանացել` որպես արտասահմանյան լավագույն ֆիլմ:

«Մահմեդականների անմեղությունը» սիրողական ֆիլմը, որը  բացասական լույսի ներքո է ներկայացնում Մուհամեդ մարգարեին, դարձել է մահմեդական երկրներում հակաամերիկյան զանգվածային ցույցերի եւ ԱՄՆ-ի դեսպանատների վրա գրոհելու պատճառ, որոնք մի շարք դեպքերում մարդկային զոհերի են հանգեցրել: