Երկարատեւ մուսոնային անձրեւները եւ սողանքները Հնդկաստանի հյուսիս-արեւելքում դարձել են 33 մարդու մահվան պատճառ: Ավելի քան միլիոն մարդ լքել են իրենց տները:

Ամենաշատը տուժել են Սիկկիմ եւ Ասսամ նահանգները: Անձրեւները չեն դադարում արդեն վաղուց: Ասսամում, որը ուժեղ ջրհեղեղներից տուժել էր դեռեւս հունիսին եւ հուլիսին, բնակիչները  ջրհեղեղներից փրկվելու համար ստիպված են տեղափոխվել փախստականների ճամբարներ, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Աղետի գոտում հայտնվել են հյուսիս-արեւելյան Հնդկաստանի ավելի քան 2 միլիոն բնակիչ: Իշխանությունները այնտեղ են ուղարկել արտակարգ իրավիճակների փրկարարների խմբեր, ովքեր կկազմակերպեն փախստականների համար ժամանակավոր օթեւաններ:

Աղետից տուժում են ոչ միայն մարդիկ. աղետի գոտում է հայտնվել նաեւ ողջ աշխարհում հայտնի  Կազիրանգա արգելոցը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է, որպես համաշխարհային ժառանգություն: Այստեղ կան վագրեր, եղնիկներ, փղեր, աշխարհում խոշորագույն միաեղջյուր ռնգեղջյուրների պոպուլյացիան: Ջրհեղեղների պատճառով այս տարի այստեղ սատկել են հարյուրավոր կենդանիներ: