Հնդիկ նշանավոր դերասանուհի Այշվարիյա Ռայ Բաչչանը դարձել է ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան: Նա ընտրվել է ՄԱԿ-ի` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ծրագրի ներկայացուցիչ:

Իր նոր դերում արեւելյան գեղեցկուհին կօգնի ՄԱԿ-ին բարձրացնել իրազեկումն այնպիսի կարեւոր խնդիրների մասին, ինչպիսիք երեխաների մոտ   ՄԻԱՎ-վարակների կանխարգելումն է եւ  հակառետրովիրուսային բուժման հասանելիության ընդլայնումը, հաղորդում է ՄԱԿ ռադիոն:

Ընդունելով պատվավոր նշանակումը` Այշվարիյան նշել է, որ առողջության վերաբերող գիտելիքների տարածումը, հատկապես կանանց եւ երեխաների դեպքում, իր համար մշտապես առաջնային է եղել, իսկ հիմա, երբ նա մայր է դարձել, դա նաեւ անձամբ իրեն է վերաբերում:

Այշվարիյա Ռայի կարիերան մեծ  թռիչք է ապրել  1994 թ-ին, երբ նա ճանաչվել է «Միսս աշխարհ»: Մինչեւ հիմա տարբեր հարցումների արդյունքում նա բազմիցս համարվել է Հնդկաստանի, Ասիայի եւ  ողջ աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկը: Այշվարիյա Ռայը համարվում է Բոլիվուդի աստղ եւ հաջողակ ֆոտոմոդել: