Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը կարծում է, որ «Ալ Կաիդայի» ղեկավար Ուսամա Բեն Լադենին հարկավոր էր դատել, ոչ թե վերացնել: Նա այդ մասին հայտնել է սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ-ում իր ելույթից հետո CNN-ին տված հարցազրույցում:
«Ես երջանիկ կլինեի տեսնել բաց, պաշտոնական գործընթաց, որն իսկապես կբացահայտեր վերջին տարիների դեպքերի իրական պատճառները», - նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»:
Բեն Լադենը ամերիկյան հատուկ նշանակության ջոկատայինների կողմից ոչնչացվել էր 2011թ. մայիսի 1-ին Աբոթաբադում` Պակիստանի մայրաքաղաքից 60 կմ հեռու: Բեն Լադենի մարմինը բացահայտ չէր ցուցադրվել լրատվամիջոցներով: Փորձաքննությունից հետո ահաբեկչին հուղարկավորել էին բաց ծովում: Պենտագոնը քանիցս հայտարարել է, որ «թիվ 1 ահաբեկչին» ողջ բռնելու հնար չի եղել: Զինվորականները հայտարարում են, որ իրենք ահաբեկչին ոչնչացնելու առաջադրանք չեն ունեցել, նրան սպանել են դիմադրություն ցույց տալուց հետո:





























