Վրաստանի արդարադատության նախարարի տեղակալ Թինա Բուրջալիանին Փարիզում խորհրդակցություններ է անցկացնում: «Իմեդի» հեռուստաընկերության եթերում նա հաղորդել է, որ ֆրանսիացի իրավապահները վրացական կողմին որոշակի տեղեկատվություն են տրամադրել «օրենքով գողերի» եւ վրացի քաղաքական գործիչների կապերի մասին:

«Ես Փարիզում եմ ՆԳՆ-ի ներկայացուցիչների հետ,  որոնք հանդիպումներ են ունենում Ազգային ժանդարմերիայի ներկայացուցիչների հետ: Մի քանի շաբաթ առաջ Վրաստանի վարչապետը հանդիպել էր Ֆրանսիայի ԱԳՆ-ի ղեկավարին: Մեր խորհրդակցությունները վերաբերում են ֆրանսիական ժանդարմերիայի վարած հետաքննությանը, նույն հարցով էլ քննություն է տարվում Վրաստանի  ՆԳՆ-ում:  Խոսքը վերաբերում է վրացական կազմակերպված հանցավորության ներկայացուցիչներին, մասնավորապես`  «օրենքով գողերին» եւ վրացի որոշ քաղաքական գործիչների հետ նրանց կապերին` հոկտեմբերի 1-ին խառնաշփոթ ստեղծելու եւ վիճակն ապակայունացնելու նպատակով, այդ թվում` բռնության կրիրառմամբ», - ասել է Բուրջալիանին սեպտեմբերի 24-ի երեկոյան:

Ինչպես հայտնում է «Գռուզիա օնլայնը», նախարարի տեղակալը խոստացել է, որ հետաքննության մանրամասները հայտնի կդառնան այսօր` սեպտեմբերի 25-ին: