Վարդան Այվազյանի գործընթացը Բնապահպանության նախարարության իրավասությունից դուրս է: Այս մասին այսօր` սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստան Բնապահպանության նախարար  Արամ Հարությունյանը` մեկնաբանելով Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր Վարդան Այվազյանի եւ «Global Gold Mining» ընկերության հակամարտությունը: «Չեմ կարծում, որ իմ կողմից որեւէ մեկնաբանության կարիք կա` մանավանդ, որ մեր նախարարությունը ավանդների իրավունքների ոլորտում գործառույթներ չունի»,-ասել է Հարությունյանը:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Նյու Յորքի դաշնային դատարանը 37,5 մլն դոլարի վճիռ է կայացրել ընդդեմ Վարդան Այվազյանի: Ըստ վճռում եղած նյութերի` 2006թ. «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության դուստր ձեռնարկություններից մեկը, որը Հանքավանի հանքավայրի արտոնագիր ուներ, Հայաստանի բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի կողմից ենթարկվել էր կոռումպացված եւ ոչ պատշաճ պահանջների: Ընկերությունը այդ իրավիճակի մասին տեղեկացրել է Հայաստանի եւ Միացյալ Նահանգների համապատասխան մարմիններին: