Քննիչները քրեական գործ են հարուցել ՃՈ տեսուչի նկատմամբ, որը սեպտեմբերի 21-ին  ռուսական Գելենջիկ քաղաքում փողոցն անցնելիս մահացու վրաերթի էր ենթարկել հետիոտնին, հաղորդում է ՌԴ Կրասնոդարի երկրամասի քննչական վարչությունը

Ոստիկանը սեպտեմբերի 21-ի գիշերը իր Mercedes ավտոմեքենայով տուն էր վերադառնում հերթապահությունից: Քննության տվյալներով`քաղաքի կենտրոնական փողոցով նա մեծ արագությամբ էր ընթանում, հետո հատել է հոծ գիծը եւ դուրս եկել հանդիպակաց գոտի:

«Հենց այդ ժամանակ 29-ամյա երիտասարդ հայը նախատեսված վայրից փողոցն էր անցնում ընկերոջ հետ: Տեսնելով իրենց վրա ընթացող մեքենան` ընկերը հասցրել է խուսանավել, իսկ 29-ամյա երիտասարդը փորձել է հետ վազել եւ ընկել է մեքենայի տակ», - ասված է հաղորդագրությունում, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Արդյունքում հետիոտնը տեղում մահացել է, ոստիկանին էլ տեղափոխել են հիվանդանոց: Քրեական գործը հարուցվել է «երթեւեկության կանոնների խախտում, որն անզգուշաբար հանգեցրել է մարդու մահվան» հոդվածով, որի համար նախատեսված պատիժը մինչեւ 5 տարվա ազատազրկումն է:

Այժմ քննարկվում է կալանքի եւ փորձաքննությամբ Mercedes-ի ընթացքի ճշգրիտ արագությունը պարզելու հարցը: