Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջխաղացումը հնարավոր է, սակայն այն կախված է շահագրգիռ կողմերի քաղաքական կամքից: Այս մասին հայտնել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն:

«Մենք հավատում ենք, որ պետք է խաղաղ կարգավորման գործընթացքում առաջխաղացում  գրանցենք եւ գտնենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման լուծումը: Սակայն առաջխաղացումը առաջին հերթին կախված է հետաքրքրված կողմերի քաղաքական կամքից: Մենք կարող ենք օգնել, սակայն առանց հակամարտության  կողմերի քաղաքական կամքի անհնար է առաջ շարժվել», - հայտնել է դեսպանը, փոխանցում է ԱՊԱ-ն:

Մոնյեն նշել է, որ հակամարտության խաղաղ կարգավորումը այն կարեւորագույն հարցերից մեկն է եղել, որը Ֆրանսիայի եւ Ադրբեջանի նախագահները վերջերս քննարկել են Փարիզում հանդիպման ժամանակ:

«Չի կարելի ասել, որ Ֆրանսիան ակտիվ չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ  Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների վերջին երկու հանդիպումները տեղի են ունեցել Փարիզում»,-նշել է նա: