ՀՀ պետական պարտատոմսերի գովազդի նպատակով 2011 թ. ՀՀ պետական բյուջեից տրամադրվել է 99.6 մլն դրամ` կազմելով նախատեսվածի 99.6%-ը: Այդ մասին նշված է ՀՀ 2011 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունում: Նախորդ տարվա համեմատ տվյալ ծախսերն աճել են մոտ երկու անգամ` պայմանավորված գովազդի գների եւ ծավալների աճով:

Նշենք, որ պետական պարտատոմսերի տոկոսադրույքները զգալիորեն գերազանցում են կորպորատիվ պարտատոմսերի տոկոսադրույքներին, հետեւաբար՝ շուկայում համարվում են առավել գրավիչ ներդրումային գործիք; Այդ պարագայում պետական պարտատոմսերի լրացուցիչ գովազդը բյուջեի հաշվին կարելի է դիտարկել որպես չհիմնավորված ծախս: Հատկանշական է, որ ցածր տոկոսադրույքներով կորպորատիվ պարտատոմսերի գովազդային ծախսերը զգալիորեն զիջում են պետական պարտատոմսերի համար ծախսվող գովազդին;

NEWS.am-ի հետ զրույցում ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանն ասաց, որ նշված գումարները ծախսվում են իրազեկման նպատակով, որպեսզի ներդրողները տեղեկատվություն ունենան պետական ֆինանսների իրական վիճակի մասին: «Դա շատ կարեւոր է ներդրողների մոտ վստահություն ստեղծելու համար»,- ասաց Պ. Սաֆարյանը: