Սեպտեմբերի 25-ին Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ ձերբակալվել է Գլդանի թիվ 8 բանտի գործով եւս մեկ անձ` բանտի վերահսկիչ Մամուկ Չխիտունիձեն: Նրան առաջադրվել է «կտտանքներ» հոդվածով մեղադրանք:

Ճեպազրույցի ժամանակ Ինչպես հայտնել է դատախազ Շոթա Տկեշելաշվիլին, Չխիտունիձեին ձերբակալությունը տեղի է ունեցել Գլդանի բանտի բանտարկյալների ցուցմունքների համաձայն:

Նույն օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ Պատժամիջոցների իրականացման նորանշանակ նախարար Գեորգի Տուգուշը հայտնել է, որ վրացական բանտերում ի հայտ են եկել բանտարկյալների նկատմամբ դաժան վերաբերմունքի նոր դեպքեր:

Նախարարը կոչ է արել լրատվամիջոցներին զգոնություն պահպանել բանտարկյալների կտտանքների տեսահոլովակների հետագա տարածման հարցում:

Հիշեցնենք, որ վրացական մի շարք հեռուստաընկերություններ ցուցադրել են  Թբիլիսիի թիվ 8  Գլդանի բանտում նկարահանված սարսափելի կադրերը, որոնցում երեւում է, թե ինչպես են բանտարկյալների նկատմամբ  բռնություն գործադրում մահակներով եւ ավելով եւ դաժան ծեծի ենթարկում:

Դեպքի կապակցության հրաժարական են տվել Վրաստանի պատժամիջոցների իրականացման նախարար Խաթունա Կալմախելիձեն եւ Ներքին գործերի նախարար Բաչո Ախալայան:

Կալանավորվել են մի շարք բարձրաստիճան աշխատակիցներ: Նախագահ Սահակաշվիլին հանդես է եկել հատուկ հայտարարությամբ, որում քննադատել է բանտարկյալների նկատմամբ ցուցաբերած դաժան վերաբերմունքը եւ խոստացել է, որ բոլոր մեղավորները կպատժվեն եւ բանտում կմնան երկար տարիներ: