Կանայք տղամարդկանցից միջինը 5 տարով երկար են ապրում: Ըստ վարկածներից մեկի` տղամարդկանց կյանքը կրճատում է տեստաստերոնը` ագրեսիվության եւ տղամարդկության հորմոնը:
Այս հիպոթեզն ապացուցվել է փորձով: Նկատվել էր, որ կենդանիների ամորձատված արուներն ավելի երկար են ապրում:
Իսկ մարդկանց վերաբերյալ վիճակագրությունն այնքան էլ միանշանակ չէր: Այսպես, 1969 թվականին ամերիկյան բժիշկները եկել էին այն եզրակացությանը, որ ամորձատված հիվանդները 14 տարի երկար են ապրել: Մյուս կողմից, 1993 թվականին իտալացի ամորձատված երգիչների կենսագրական վերլուծությունը ոչ մի տարբերություն ցույց չէր տվել:
Հարավկորեացի գիտնականների ուսումնասիրությունը հաստատել է տեստաստերոնի հիպոթեզը, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»: Նրանք ուսումնասիրել են Չոսոն դինաստիայի ներքինիների վերաբերյալ գրառումները: Գիտնականները հետազոտել են XVI-XIX դդ. ապրած 385 մարդու տվյալներ:
Ցուցակում 81 ներքինիների են առանձնացրել, որոնց ծննդյան եւ մահվան ճշգրիտ տարեթվերը հայտնի են եղել: Նրանց համեմատել են նույն ժամանակաշրջանում ապրած այլ մարդկանց հետ: Current Biology ամսագրում հայտնվում է, որ ներքինիները 14-19 տարի ավելի երկար են ապրել:





























