«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) եւ էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիան պարգեւատրեցին Quadra Drive 2012 միջազգային բաց առաջնության հաղթողներին: Սեպտեմբերի 15-ից 16-ը Տավուշի մարզում կայացած Jeep Trophy կողմնորոշում տիպի առաջնությանը մասնակցեցին 32 մարզիկ Հայաստանից, Վրաստանից եւ Ռուսաստանից:
Միջոցառումը մեկնարկեց Դիլիջան քաղաքում: Մարզիկները տոպոլոգիական քարտեզների օգնությամբ անցան երթուղու նշված կետերով, Մեծ եւ Փոքր Մայմեխ սարերով` հասնելով Իջեւան, որտեղ էլ հայտարարվեց ավարտը: 16-ժամյա մրցույթի հաղթող ճանաչվեցին ամենաշատ միավոր հավաքած մարզիկները:
Արտաճանապարհային մեքենաների դասում հաղթող ճանաչվեցին երեւանցիներ Դավիթ Մարտիրոսյանը, Ռուբեն Սահակյանը եւ Լյուդվիգ Երմազյանը, ովքեր համապատասխանաբար գրավեցին առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերը: Քառացիկլետների դասում հաղթողները նույնպես Երեւանից էին: Էդուարդ Գայֆաջյանը, Գարեգին Արզումանյանը եւ Հակոբ Ղարախանյանը համապատասխանաբար նվաճեցին ոսկի, արծաթ եւ բրոնզ:
«Հերթական անգամ հայ մարզկները ապացուցեցին իրենց վարպետությունը դժվար անցանելի ճանապարհներին` ցուցաբերելով դիմացկունություն եւ մեծ կամքի ուժ: «ԱրմենՏել» ընկերության անունից շնորհավորում եմ հայ մարզիկներին, մաղթելով նրանց նորանոր հաղթանակներ, նոր ռեկորդներ եւ հաղթանակին հասնելու մեծ ցանկություն», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:
Էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի նախագահ Արտաշես Ստեփանյանն իր հերթին նշեց. «Ադրենալին» ասոցիացիայի անունից ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «ԱրմենՏել» ընկերությանն` էքստրեմալ սպորտաձեւերի ամենատարբեր մրցություններին աջակցելու համար: Երախտապարտ ենք նաեւ այն ներդրման համար, որ ընկերությունն ունեցավ ոչ միայն պրոֆեսիոնալ վարորդների այլ նաեւ երիտասարդ մարզիկների զարգացման եւ թիմային ոգի դաստիարակելու գործում»:
Նշենք, որ մարզիկներն ընդհանուր առմամբ հաղթահարեցին 180 կմ: Մրցույթներին հետեւում էին Դիլիջանի, Իջեւանի եւ մոտակա գյուղերի հազարավոր բնակիչներ: Մրցանակաբաշխության արարողությունը տեղի ունեցավ Իջեւան քաղաքում եւ ուղեկցվեց տոնական համերգով:




























