Սեպտեմբերի 25-ին Վրաստանի Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի մոտ ակցիա են կազմակերպել վրացի լրագրողները: Լրատվամիջոցների ներկայացուցիչները բողոքում են ընտրությունների ժամանակ լուսա եւ տեսաձայնագրությունների նոր կանոնների դեմ, հաղորդում է «GHN»-ը:

Վրացական լրատվամիջոցների հաղորդագրության համաձայն` Վրաստանի ԿԸՀ-ն ընտրատեղամասերում լուսա եւ տեսաձայնագրության նոր կանոններ է հաստատել: Նոր կանոնի համաձայն` տեղամասերում նկարահանում կատարելու համար պետք է ստանալ ընտրատեղամասի նախագահի թույլտվությունը եւ նկարահանումը չպետք է խախտի ընտրողի իրավունքը:

Հանձաժողովի նախագահների մեկնաբանությունները լրագրողները կկարողանան ստանալ միայն ընտրատարածքի սահմաններից դուրս: Առաջին 10 րոպեների ընթացքում լրագրողները կկարողանան նկարահանել ինչ ցանկանում են: Սակայն հետո  նրանք պետք է տեղափոխվեն հատուկ առանձնացված վայր, որտեղից կկարողանան շարունակել նկարահանումները ընտրությունների ողջ օրվա ընթացքում: Ինչպես հաղորդում է «Նովոստի-Գրուզիան», բացառություն կկազմեն այն տեղամասերը որտեղ ընտրություն կկատարեն պաշտոանական անձինք, որից հետո նկարահանող սարքավորումները պետք է հեռացվեն ընտրատեղամասից:

Լրագրողներին արգելված է նկարահանումներ կատարել խցիկների ներսում եւ ցուցակների սեղանների շուրջ: Հետաքրքիր է, որ եթե լրագրողը օրվա ընթացքում  մեկ անգամ դուրս գա տեղամասից, ապա այլեւս իրավունք չի ունենա վերադառնալ:

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 1-ին: