Թուրքիայում Վրաստանի հյուպատոս Գելա Ջափարիձեն լքել է պաշտոնը` ի նշան բանտարկյալների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեմ բողոքի:
Ինչպես «GHN» գործակալությանը հայտնել է Ջափարիձեն, իր համար, որպես հյուպատոս, անընդունելի է հայրենիքում նման բարբարոսական վերաբերմունքը բանտարկյալների նկատմամբ:
«Վերջին 3 օրերին ես հուսով էի, որ համապատասխան ծառայությունները համապատասխան քայլեր կձեռնարկեն` բանտարկյալներին կտտանքների ենթարկողներին պատժելու ուղղությամբ: Հենց այդ պատճառով եմ բողոքում այդ հանցագործությունների դեմ, համերաշխություն հայտնում բանտարկյալներին եւ հեռանում զբաղեցրած պաշտոնից», - ասել է նա:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ի նշան բանտային սկանդալի դեմ բողոքի սեպտեմբերի 24-ին պաշտոնը լքել էր Բարսելոնայում Վրաստանի հյուպատոս Պաատա Պապուաշվիլին:
«Բանտային սկանդալը» Վրաստանում բորբոքվել էր, երբ հեռուստաալիքներով ցուցադրվել էին Գլդանի բանտում կատարված կտտանքների եւ բռնաբարության տեսարաններ: Քաղաքներում անընդհատ բողոքի ցույցեր են ընթանում: ՆԳ նախարար Բաչո Ախալայան հրաժարական է տվել: Իշխանությունը մեղադրում է ընդդիմությանը: Այդ ամենը Վրաստանում տեղի է ունենում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, որոնք նշանակված են հոկտեմբերի 1-ին:





























